Աղբիւր՝ www.tert.am
Ա.Մ.Ն.-ի Կոնգրէսում Հայոց ցեղասպանութեան ճշմարտութեան եւ արդարութեան մասին բանաձեւը ներկայացնելուց մէկ շաբաթ անց բարձրաստիճան թուրք ղեկավարները մեկնում են Վաշինգտոն` ետ պահելու Ա.Մ.Ն.-ի օրէնսդիրներին՝ բանաձեւը քուէարկութեան ներկայացնելուց:
Ինչպէս հաղորդում է Asbarez.com-ը` թուրքական Hurriyet պարբերականին յղումով, Թուրքիայի Ա.Գ. նախարար Մեւլութ Չաւուշօղլուն մինչեւ ապրիլի 24-ը մեկնելու է Վաշինգտոն:
Երեքշաբթի Վաշինգտոնում Թուրքիայի խորհրդարանի խօսնակ Ջեմիլ Չիչէքը Ռազմավարական եւ միջազգային հետազօտութիւնների կենտրունում ելոյթ ունենալիս Հայաստանին մեղադրել է հայ-թուրքական յարաբերութիւնները խոչընդոտելու համար:
«Թուրքիա-Ա.Մ.Ն. Յարաբերութիւնները 21-րդ դարում» խորագիրը կրող ելոյթի ժամանակ Չիչէքն ասել է. «Մինչ Թուրքիան անկեղծութեամբ մօտենում է Հայաստանին` 1915-ի միջադէպերը լուծելու ձգտմամբ, Երեւանը կենտրոնանում է իրադարձութիւնների վրայ` խոչընդոտելու երկու երկրի միջեւ յարաբերութունների կարգաւորման գործընթացը»:
«Ցանկանում ենք, որ շահագործումը (Հայոց ցեղասպանութեան հարցի խմբ.) վերացուի եւ յանուն խաղաղութեան ուղեկցուի լուսաբանող պատմական փաստերով: Մենք պատրաստ ենք աջակցելու ցանկացած տիպի ուսումնասիրութեանը»,- յաւելել է Չիչէքը: